Ադրբեջանական զինված ուժերն Արցախի Նոր Շեն գյուղի ուղղությամբ խոշոր տրամաչափի զինատեսակներ են կիրառել

Մեր տեղեկություններով՝ ադրբեջանական զինված ուժերը Արցախի Նոր Շեն գյուղի ուղղությամբ կիրառել են խոշոր տրամաչափի զինատեսակներ:

Արցախի Պաշտպանության բանակից NEWS.am-ի հետ զրույցում հերքեցին ադրբեջանական հարձակման հետեւանքով հայկական կողմից զոհերի մասին շրջանառվող տեղեկություններով՝ նշելով, որ ավելի ուշ տեղեկատվություն կտրամադրվի վիրավորների առողջական վիճակի վերաբերյալ:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը քիչ առաջ հայտնել է, որ Ադրբեջանական զինված ուժերի հարձակումից Արցախում վիրավորում է ստացել 6 զինծառայող, որոնցից երկուսի վիճակը ծանր է:

«Խոսքը Արցախի Նոր Շեն համայնքի մասին է, որի անմիջական հարևանությամբ են տեղակայված ադրբեջանական զինված ուժերի դիրքերը: Արցախի Հարավ և մի քանի այլ քաղաքացիական բնակավայրի ուղղությամբ ևս կրակոցներ են արձակվել»,- նշել էր Թաթոյանը:

Հայկական միասնական տեղեկատվական հարթակն էլ տեղեկացրել է, որ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են Արցախի Հանրապետության հետ շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը, կան վիրավորներ, եւ որ Արցախի Պաշտպանության բանակը շուտով կտրամադրի պաշտոնական տեղեկատվություն։