Կրակոցներ՝ Երևանից 60 կիլոմետր հեռավորության վրա․ ի՞նչ իրավիճակ է Երասխում (տեսանյութ)

Կրակոցներ՝ Երևանից ընդամենը 60 կիլոմետր հեռավորության վրա․ ի՞նչ իրավիճակ է Երասխում (տեսանյութ)

Երևանից ուղիղ գծով 60 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Երասխը։ Այնտեղ մինչև գիշերվա 02։00 ինտենսիվ մարտեր են տեղի ունեցել հայկական և ադրբեջանական զորամիավորումների միջև։Հատկապես տարեցները դեռևս թարմ հիշում են 90–ականներին այստեղ ընթացած թեժ մարտերի տեսարանները ու պատերազմին բնորոշ ձայները։ Թեև Երասխի վրա կրակում են արդեն չորս օրից ավելի, սակայն այս անգամվա գիշերային կրակահերթերը գյուղացիներին մի պահ 90–ականներն են հիշեցրել։Գյուղի գրեթե ամբողջ տարածքը տեսանելի է հակառակորդի բանակի համար, ամեն ինչ դիտարկվող տեղամասում է։ Գյուղի բոլոր կողմերից թշնամական դիրքեր են։ Երեկվա մարտերի պատճառն այն է, որ ադրբեջանցիները, ըստ գյուղացիների, պահանջում էին հեռացնել դիրքերից հայկական դրոշը, քանի որ այն իբր գտնվում է ադրբեջանական տարածքում։ Հետո էլ սկսվել է կրակահերթը։Մարտերի ընթացքում վիրավորվել է նաև Երասխի համայնքապետ Ռադիկ Օղիկյանը։ Գյուղացիները պատմում են, որ գնացել էր դիրքեր, զինվորներին օգնության։

Կրակոցներ այսօր լսվել են առավոտյան կողմ։ Սակայն ժամը 7-ից հետո որևէ կրակոց չի եղել։ Ի դեպ, ճանապարհին մեր նկարահանող խումբը նկատեց ռուսական զինտեխնիկա, որը շարժվում էր հենց այդ հատված, նաև հենց Երասխում կար հերթապահող զինտեխնիկա, կրկին ռուսական դրոշի ներքո։